Հին Հարժիս
Հարժիս, Հարճիս կամ Հարժիք… տեղակայված է Որոտանի բարձրադիր ափի մի հարթավայրում, Գորիսից 25 կմ հեռավորության վրա: Կա նաև հին գյուղը` ձորից ներքև` դեպի գետը, սակայն ավերակների վերածված: Ավերածության պատճառը 1931-ի ապրիլի երկրաշարժն էր, որից հետո գյուղը բարձրացավ հարթավայր: Հարժիսը հին բնակավայր է, որ հիշատակվում է V դարից:
Անունը կապվում է հին լեգենդի հետ. իբր հարևան Լծեն գյուղից մի տղա գետի ափով գնում է Հալիձոր աղ բերելու: Հանկարծ նկատում է մի աղջկա, ընկնում է նրա հետևից և 7 օր հետո բռնում: Ամուսնանում է աղջկա հետ, որի անունը Հարժիս էր, և բնակություն հաստատում հենց այդտեղ,որտեղից էլ առաջանում է Հարժիս գյուղը:
Հարժիսում կան շատ կանգուն հուշարձաններ` Քրդիկ տաճարը և Քրդի կամուրջը, Սբ Մինաս եկեղեցին, Ալան թագավորի պալատի ավերակները, բազմաթիվ խաչքարեր, որոնց վրա կան արձանագրություններ: Հարժիս գյուղի մոտակայքում է գտնվում 1343 թ. կառուցված քարավանատունը` Սյունիքով անցնող հիմնական ճանապարհի վրա: Այն պահպանվել է կիսավեր վիճակում, պատկանում է եռանավ դահլիճ քարավանատների տիպին:
