Սատանի կամուրջ
Հանքային աղբյուրներից առավել հայտնին Գորիսից Տաթև տանող ճանապարհի մոտ Սատանի կամրջի հանքային ջուրն է, որը դեռ շատ հնուց օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ: Սատանի կամուրջը, որը ստեղծվել է առանց մարդու միջամտության, ունի 30 մ երկարություն, 60 մ լայնություն, գետի մակարդակից 100 մ բարձրություն: Այն կազմված է կրաքարից և հանքային ջրերից գոյացած տրավերտիններից: Կամրջի տակ կուտակված տրավերտինե սյուները` հզոր ստալակտիտները, ուղղակի կախված են գետի ջրերի վրա: Սյուները հիմքի մոտ դեղին գույնի են, իսկ հետո աստիճանաբար կանաչում են` մարդու մեջ առաջացնելով հեքիաթային զգացողություն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատ. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:
Սատանի կամրջին հարող ժայռերից ամբողջ տարին բխում են տաք հանքային աղբյուրներ, որոնք հրաշագեղ բնական կերտվածք են: Սատանի կամրջի բազմաթիվ հանքային աղբյուրներն առաջացրել են բնական մի ավազան, որտեղ կարող են բացօթյա բուժիչ լոգանք ընդունել: Այն այցելուներին հիացմունք է պատճառում իր գեղեցկությամբ, առանձնահատկությամբ և բուսականությամբ: Ջուրն ունի 25°C ջերմություն, մաքուր է և բուժում է հոդային հիվանդություններ:
Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր մասերից Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլշևիկներին, որոնք փորձում էին գրավել հայոց պատմական հողերը:
