Հարանց Անապատ
Հարանց անապատ միջնադարյան գիտակրթական կենտրոնը կառուցվել է 1608-1610 թթ.` Հին Հալիձոր գյուղի դիմացի հարթության վրա և գոյատևել է շուրջ հիսուն տարի: Այստեղ են ստեղծվել բնագիտության հայտնի դասագրքեր, հոգևոր հիշատակարաններ: Հարանց հին անապատի կիսավեր, բայց վեհությունը պահպանած շինությունները մնում են: Կանգուն են եկեղեցին, պարիսպների մի մասը, այլ շինություններ: 1658 թ. ավերիչ երկրաշարժը կործանեց Հալիձորի Սյունյաց Մեծ անապատը (նաև անվանում էին Հարանց անապատ): Վերջինս լուրջ առիթ հանդիսացավ Նոր անապատի կառուցման գաղափարի համար. XVII դարի 2-րդ կեսին Հակոբ Դ Ջուղայեցին որոշեց կառուցել Տաթևի Մեծ անապատը: Այն գտնվում է Տաթև գյուղից հարավ-արևելք, Որոտան գետի աջ ափին, Տաթև սարի ստորոտում: Մեծ անապատի շինարարությունից հետո այնտեղ տեղափոխվեց Հարանց անապատի միաբանությունը: Երբեմն պատմության էջերում այս երկու անապատները (Հարանց և Տաթևի Մեծ) շփոթվում են: Տաթևի Մեծ անապատի շինարարությունը սկսվել է 1660 թ., իսկ Հարանց անապատի կործանման պատճառը 1658 թ. երկրաշարժն էր: 1663 թ. նույն անապատում կառուցվում է Սբ Աստվածածին եկեղեցին, իսկ 1668 թ. անապատն արդեն ուներ 70 միաբան: Г-աձև հատակագծով բնակելի սենյակների մասնաշենքը կառուցվեց 1682 թ. տեղի միաբանության համար:
1669 թ. վախճանում է Տաթևի Մեծ անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը, ով թաղվել է եկեղեցու մատուռ-դամբարանում: XVII դ. կեսից մինչև XIX դարի 1-ին կեսը անապատում ավելացվել են մի շարք կարույցներ` սեղանատուն, պարիսպ (1711 թ.), եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար գավիթ-սրահ (1743 թ.):
Սբ Աստվածածին եկեղեցին երկու զույգ մույթերով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկ է, որը գտնվում է համալիրի հարավարևմտյան մասում:
Հարավային պարսպին կից կառուցվել է խոշոր սեղանատունը, որը թաղածածկ մի դահլիճ է` քարե նստարաններով ու սեղաններով: Սեղանատունը բավական լուսավոր է, որովհետև Տաթևի Մեծ անապատի կանոնադրությամբ` միաբանները ճաշելիս պետք է Սուրբ Գիրքը ընթերցեին:
Տաթևի Մեծ անապատի համալիրը բարձր պարիսպներով ամբողջովին անջատվում է արտաքին աշխարհից, պարսպապատերի վրա չկա ոչ մի բացվածք, որը բխում է անապատների առանձնահատկությունից, որոնք ստեղծված են առանձնանալու, ճգնելու, ապաշխարելու, աշխարհիկ կյանքից և բնությունից հեռու լինելու համար:

