Image Alt

Հիշարժան վայրեր

Աղջկա բերդը

Լեգենդը պատմում է, որ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ առաջաձորցիները և Աճանանի բնակիչները ամրանում էին Աղջկա բերդում: Նրանց գլխավորում էր Սյունյաց Սահակ իշխանը: Ասում են, որ Սահակն ունեցել է Անուշ անունով մի գեղեցկուհի աղջիկ: Անուշի գեղեցկության համբավը հասել էր մոնղոլ խանին ու գրգռել նրա ախորժակը: Խանը ցանկանում էր տիրանալ Անուշին, բայց Անուշը պաշտպանվում է բերդի անառիկ պարիսպների ներսում: Պաշտպանները քարկոծում ու նետահարում էին մոնղոլներին: Այդ ժամանակ խանը դիմում է խորամանկության. նա պատգամավոր է ուղարկում Սահակ իշխանի մոտ ու խնդրում Անուշի ձեռքը՝ դրա դիմաց խոստանալով ոչ միայն հեռանալ ամրոցից, այլև ընդհանրապես չանհանգստացնել հայերին: Հակառակ դեպքում խանը սպառնում էր գրավել բերդը և սրի քաշել բոլորին: Սահակ իշխանը հայտնվում է անելանելի դրության մեջ: Հացի պաշարը սպառվում էր, մարդիկ մեռնում էին սովից: Այնուամենայնիվ նա մերժումէ առաջարկը՝ հույսը դնելով Աստծո հրաշքի վրա՝նախընտրելով կռիվն ու պայքարը: Ինքը՝ Անուշն էլ կռվում էր բերդի պաշտպանների շարքում: Բայց սովը ամենազոր էր. մարդիկ ավելի շատ մեռնում էին ոչ թե կռվում, այլ սովից:

«Եվ այս բոլորի մահվան պատճառը ես եմ»,- մտածում է աղջիկը: Ու մի օր՝ լուսաբացին, նա բարձրանում է ժայռի գագաթը ու բոլորի աչքի առջև իրեն ցած նետում: Դա տեսնում է նաև թշնամին, լուրը հասնում է խանին, և նա հրամայում է գտնել աղջկա մարմինը: Մոնղոլ զինվորները փնտրում, սակայն չեն գտնում Անուշի մարմինը: Հիասթափված երկարատև պաշարումից և Անուշին կորցնելուց՝ խանը թողնում է պաշարումն ու հեռանում Աճանանից:

Բայց մայր երկրի սաղարթախիտ անտառը, որ տարածված է ժայռից ներքև, իր սաղարթներում աղջկան պահել էր անվնաս: Լեգենդը ասում է, որ հենց այդ օրվանից բերդը կոչվեց Աղջկա բերդ: Այդ ժամանակից շրջակայքում նոր ծնված բազմաթիվ աղջիկների կնքեցին Անուշ անունով:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on