Սուրբ Հովհաննես, Անպաստանց վանք
Սյունիքի ուշ միջնադարյան ճարտարապետության մեջ առանձնակի տեղ են գրավում Մեղրու գմբեթավոր երեք եկեղեցիները: Դրանցից մեկը XVII դ. կառուցված Ս. Հովհաննես եկեղեցին է: Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում: Քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է: Եկեղեցին կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթը աղյուսաշեն է: Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը երկու զույգ մույթերով բաժանված է երեք նավերի: Գնդաձև գմբեթը տեղադրված է աղոթասրահի կենտրոնում: Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու ներսը մշակված է աղյուսե դեկորատիվ որմնակամարներով: Խորշերն ու որմնակամարներն ունեն շեշտված սլաքաձևություն: Եկեղեցուն արևմտյան կողմից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ ավերակ): Վանքը ժողովրդի մեջ հայտնի է Անապաստանաց անունով, այսինքն՝ անապահով մարդկանց բերել է իր օթևանի տակ, պահել-պահպանել է և մտցրել է առողջ կյանք: 2019թ. ֆրանսիական «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության կողմից եկեղեցին վերանորոգվել է: Եկեղեցին ունի որմնանկարներ,որոնք թվագրվում են 18-րդ դդ:

