Image Alt

Destinations

Սիսիան

Սիսիանը Սյունիքի մարզի գեղեցիկ քաղաքներից մեկն է, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Երևանից 220 կմ հեռավորության վրա։ Ժամանակակից քաղաքի տարածքը հայտնի է եղել որպես բնակավայր հնագույն ժամանակներից։ Արևմուտքից այն շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավից՝ Բարգուշատի լեռներով։ Սիսիանը գտնվում է Որոտան գետի ափին՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Ձմեռներն այստեղ երկար են և ձյունառատ, իսկ ամառները կարճ և մեղմ։ Հյուսիսից Սիսիանին է նայում Ուխտասար լեռը (3563 մ), իսկ Մեծ Իշխանասար լեռը (3552 մ) գտնվում է քաղաքից 13 կմ արևելք:

Միջնադարում այն հայտնի էր Սիսական և Սիսավան անուններով: Քաղաքի շատ տեսարժան վայրեր պատկանում են պալեոլիթյան և բրոնզե դարաշրջաններին: Ուխտասարի պետրոգլիֆները՝ բազմաքանակ ժայռապատկերները (Սիսիանից հյուսիս), աշխարհի ամենահին պատկերներն են, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ –ից 12-րդ հազարամյակով:

Սիսիանի «մարգարիտն» է համարվում Զորաց Քարեր (Քարահունջ) մեգալիթյան համալիրը, որը գտնվում է ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա Դար գետի ձախ ափին և պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Ժամանակին այն հայտնի աստղադիտարան և սրբատեղի էր: Համալիրը հաճախ անվանում են հայկական Սթոունհենջ։ Զորաց Քարերը բաղկացած է 220 հատ մինչև 2 մետրանոց շրջանաձև շարված քարերից, որոնց վերևի հատվածում փոքր անցքեր են արված։

Քաղաքի շրջակայքում շատ են հնագույն ամրոցները և հուշարձանները: Սիսավանի վանքը կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես անունով (670-689), համարվում է քաղաքի կարևոր պատմական տեսարժան վայրերից մեկը: Սիսիանից 6կմ հեռավորության վրա գտնվում է Շաքիի ջրվեժը, որը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Տեղացիները Շաքին անվանում են Սյունիքի մարզի յոթերորդ հրաշալիքը:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on