Դե իսկ էքստրեմալ զգացողությունների սիրահարները կարող են քաղաքի մի ծայրից մյուսը հասնել 1 կմ-ից ավելի երկարություն ունեցող զիփլայնով:
Կապանը Հայաստանի հարավի ամենամեծ քաղաքն է և գտնվում է Ողջի գետի գեղատեսիլ հովտում ՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Բարգուշատի և Մեղրիի լեռների միջև Խուստուփ լեռան ստորոտին՝ Երևանից 320 կմ հեռավորության վրա։ Ժամանակակից Կապանը փոքր, հիմնականում ոչ շատ բարձրահարկ շինություններով քաղաք է։ Խուստուփի գագաթից Կապանը ասես ափի վրա լինի։ Այստեղ կարելի է նկատել թե ինչպես է քաղաքը ասես չտեղավորվելով ստորոտի վրա, տարածվում մոտակա բլուրների ու լանջերի վրա։ Քաղաքի տարածքում Ողջի գետը ընդունում է Վաչագան և Կավարտ վտակները։
Սյունիք այցելելիս պետք է լինել Կապանում՝ տեսնելու համար 3-4 րդ դարերով թվագրվող Բաղաբերդի ամրոցը, 10-րդ դարի միջնադարյան վանական համալիր Վահանավանքը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, Ողջի գետի մոտակայքում գտնվող բլրի վրա գտնվող Հալիձորի 17-րդ դարի բերդ-ամրոցը, այցելել Կապանի պատմության և երկրագիտության թանգարանները, և իհարկե լինել Խուստուփ լեռան գագաթին՝ վայելելու Խուստութից բացվող շքեղ տեսարանը։
Կապան տեղանունը Սյունիքում հիշվում է վաղնջական ժամանակներից: Որպես գավառի տեղանուն այն նշանակում է լեռներով ագուցված`կապված երկիր, անանցանելի լեռնակիրճերի բազմությամբ կապանքնված երկրամաս: Կապան անունը հայկական մատենագրության մեջ հիշատակված է 5 –րդ դարից: Գրավոր աղբյուրներում ի հայտ է եկել նաև Երկիրն Խափանու տարբերակը, իսկ ուշ միջնադարում գործածվում էր նաև Ղափան բարբառային տարբերակը: Կապանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն` բազմաթիվ հնավայրեր, քարանձավներ, կիկլոպյան ու վաղ միջնադարյան կառույցների ավերակներ:
Դե իսկ էքստրեմալ զգացողությունների սիրահարները կարող են քաղաքի մի ծայրից մյուսը հասնել 1 կմ-ից ավելի երկարություն ունեցող զիփլայնով: