Լեռնաշխարհի գեղեցկուհին` «Կարմիր կտուրների» քաղաք Գորիսը գտնվում է մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա ՝ Վարարակ գետի ափին։ Քաղաքն ասես գտնվում է խոր գոգավորության մեջ՝ շրջապատված ժայռոտ լանջերով և քարանձավներով, անտառներով, խոր ձորերով ու կիրճերով՝ որոնք յուրօրինակ տեսք են տալիս Գորիսի ռելիեֆին։
Գորիսը Հայաստանի կոլորիտային քաղաքներից մեկն է : Այն աչքի է ընկնում իր յուրահատուկ ճարտարապետական ոճով, շախմատաձև հատակագծով, քարերի «գորիսյան» շարվածքով, որը խճանկարի տեսք է տալիս պատին։ Քարե տները ունեն փայտե բաց պաշտգամբներ, լուսամուտները` կամարաձև շրջանակներով, և փայտյա կամ մետաղյա ճաղերով, փայտե դարպասներ, կարմիր թիթեղածածկ տանիքներ: Գորիսի հին տների արտաքին ճակատները աչքի են ընկնում դարբնի պատրաստած վանդակապ ճաղերով՝ համահունչ են քարերի շարվածքին։
Ավանդական խոհանոցից Գորիսում կարելի է համտեսել չորաթանով ապուր (թան), խաշիլ, թթու լավաշով և չրով պասուց տոլման, գորիսյան տնական օղիները՝ հատկապես Քարահունջի թթի օղին, Գորիսի լոբուց պատրաստված հետաքրքիր ճաշատեսակները և զանազան այլ համեղ ուտեստներ։
Այստեղ կարելի է նաև այցելել ծնունդով գորիսեցի հայ մեծանուն գրողներ Ակսել Բակունցի, Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, քաղաքային պատկերասրահը, երկրագիտության թանգարանը։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս գյուղը, որը իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։ Հին Գորիսում կարելի է տեսնել 1776թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, ժայռափոր ամֆիթատրոնը,որտեղ մինչև 20րդ դարի սկիզբ ներկայացումներ էին խաղում։
Գորիսից 13 կմ հարավ-արևելքում է գտնվում Խնձորեսկը, որը հայտնի է իր քարանձավային բնակավայրերով, ճոճվող կամուրջով և բազմաթվ պատմաճարտարապետական հուշարձաններով, իսկ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Տաթևի վանական համալիրը, Տաթևեր ճոպանուղին։